Միջադեպի առաջին օրվանից ՀՀ դեսպանությունն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Ֆինլանդիայում կալանավորված մեր քաղաքացու և նրա փաստաբանի հետ. ԱԳՆ մամուլի խոսնակ
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներից մեկը՝ Երվանդ Իսմայիլյանը, արդեն 20 օր Ֆինլանդիայի բանտերից մեկում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրպագուի ընկերը, ով նաև նշել էր, թե Ֆինլանդիայում Երվանդ Իսմայիլյանին տրամադրված իրավաբանը չի տիրապետում անգլերենի և չի կարողանում լիարժեք պաշտպանել նրա շահերը:
Նշենք, որ քաղաքացին հոկտեմբերի 15-ին ներկա էր եղել Տուրկու քաղաքում կայացած Եվրո 2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան (0:3) հանդիպմանը, որի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել: Դրանից հետո ՀՀ հավաքականի պաշտոնական ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի անդամը կալանավորվել է ու մինչև հիմա այնտեղ է գտնվում:
Tert.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ դիվանագետները իրավիճակի զարգացմանը հետևում են:
«Միջադեպի առաջին օրվանից ՀՀ-ի դեսպանությունը և մասնավորապես Շվեդիայում հյուպատոս Լիանա Գրիգորյանը ամենօրյա ռեժիմով կապի մեջ են եղել և՛ մեր քաղաքացու, և՛ նրա փաստաբանի, և՛ Ֆինլանդիայի իշխանության պատկան մարմինների ներկայացուցիչների հետ»,- ասաց Նաղդալյանը:









