Հաղթանակի կամրջից նետվել փորձող քաղաքացուն օգնության հասող ոստիկանը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց. նետված քաղաքացին մահացել է (լրացված)
Հաղթանակի կամրջից նետվել փորձող քաղաքացուն օգնության հասող ոստիկանը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ պատասխանելով գրանցված դեպքի վերաբերյալ հարցին:
«Մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը, բայց նախքան նետվելը կամրջի հանդիպակաց մայթին ծառայություն իրականացնող ոստիկանը նկատել է նետվել պատրաստվող տղամարդուն, շտապել է օգնության, սակայն կամրջի վրա վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց»,-ասաց Ջանոյանը:
Ինչ վերաբերում է նետված քաղաքացուն, նա հայտնեց, որ տղամարդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վերաբերյալ կատարվում է հետաքննություն:
Ավելի ուշ ստացված տեղեկությունների համաձայն՝ կամրջից նետված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է, ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում:









