Թուրքիայի կառավարությունը կալանքի տակ է վերցրել Ալ Բաղդադիի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին
Թուրքիայի կառավարությունը կալանքի տակ է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ամերիկյան և բրիտանական գործակալություններին, որոնք էլ, իրենց հերթին, վկայակոչում են թուրք բարձրաստիճան պաշտոնյայի:
Նշվում է, որ 65-ամյա Ռասմիա Ավադը կալանավորվել է երկուշաբթի երեկոյան` Ազազ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում: Նա կասկածվում է ծայրահեղական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ:
«Այն ինֆորմացիան, ինչին նա տիրապետում է, կարող է մեծապես ընդլայնել խմբավորման մասին մեր պատկերացումները` թույլ տալով բռնել ավելի շատ չարագործների»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ Ռասմիայի հետ միասին կալանավորվել են նրա ամուսինը, հինգ երեխաներն ու հարսը: Չափահասները հարցաքննվել են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ: Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, աղբյուրին հայտնել է, որ «ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։









