Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ-ին մեկ կամ երկու օրվա կրակոցի պատճառով. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

15:40 • 05.11.19

Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ-ին մեկ կամ երկու օր կրակելու պատճառով: Այս մասին ՊՆ-ում  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ եթե այդ հարցով դիմենք, լուրջ չի ընկալվի: «Մենք այնքան հզոր ենք, որ հինգ հատ կրակոցին ի պատասխան կարող ենք 500 հատ հետ կրակել և այդպես էլ անում ենք և պետք է անենք: ՀԱՊԿ-ի պայմանագիրը կարող է գործել, երբ լայնածավալ պատերազմ լինի, և մենք պաշտոնապես դիմենք»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամեն դեպքում չէր ցանկանա, որ ՀՀ-ն դիմեր ՀԱՊԿ-ին, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին աջակցեր: Նա նաև հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն Արցախի հարցում չի կարող գործել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի բարձրացմանը, պատգամավորն ասաց, որ իշխանություններն այսօր ավելի անկաշկանդ են այդ առումով: «Թեև հեղափոխությունից հետո մենք տվյալ չունենք, որ նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, սակայն եթե նոր բան կնքվի, կամ նման փորձ արվի, մենք կպահանջենք իշխանությունից, որ իշխանությունները դիմեն Ռուսաստանին և աշխատանք տանեն, որ դա թույլ չտան»,-ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև ռուսական ռազմաբազայի արդիականացմանը, Էդմոն Մարուքյանը նախ նշեց, որ ՀՀ-ն չպետք է հույսը  դնի հարևանների, բարեկամների վրա: «Բայց բազայի հետ կապված, ըստ պայմանագրի, Հայաստանի վրա հարձակման պարագայում այն կարող է կիրառվել, և դա գտնվում է ընդհանուր համակարգման տակ, և հրամանատարությունը ընդհանուր է, նրանց մեջ հայեր կան: Ես կարծում եմ, որ վատ չէ, ճիշտ հակառակը`շատ լավ է, որ բազայի եղած հնարավորությունները ուժեղացվում են: Դա դեկորացիա չէ և չպետք է դեկորացիայի դեր ունենա»,-ասաց նա և նշեց, որ այն նաև զսպող նշանակություն ունի:

Ինչ վերաբերում է բազայի ուժեղացման դիմաց զիջումների գնալուն, ապա Էդմոն Մարուքյանը նշեց, որ կարծում է, որ նրանք կարող են բազան ուժեղացնել՝ առանց որևէ հարցով զիջումների: