Բավարարված եմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

12:13 • 05.11.19

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցության բոլոր երեք ուղղություններին: Առաջին հերթին ներքաղաքական կոորդինացիան է, ռազմատեխնիկական համագործակցությունն է և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր միասնական մոտեցումն է ընդհանուր վտանգներին: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոխվում են, և մենք պետք է ադեկվատ լինենք այդ վտանգներին: Մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, և ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք Հավաքական անվտանգության կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը գոհունակություն հայտնեց, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, և նշեց, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում:

«Ես բավարարված եմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարցում: Մենք պետք է ինչ-ինչ փոփոխություններ կատարենք իրավական, կազմակերպչական փաստաթղթերում, որպեսզի այդ բոլոր իրավիճակները լուծումներ ունենան: Դա կբարձրացնի մեր կազմակերպության արդյունավետությունը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Նա այս պաշտոնում կփոխարինի գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին, որը գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին: