«Մարտի 1» գործը հենված է 3 նախագահների գործունեության վրա. Ռ. Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

17:20 • 05.11.19

Մի քանի հանգամանք հաշվի առնելով՝ կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն՝ գրավ սահմանելուն: Այս մասին «Մարտի 1-ի» դատավարության ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը:

«Հանրապետության երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում: Մեծ հարգանք տածելով դահլիճում նստած զոհերի հարազատների նկատմամբ՝ պետք է ասեմ հետևյալը. հոդվածի մեղադրանքի քննարկումը կապ չունի որևէ տուժողի հետ, ներգործության արդյունքում հարազատ կորցնելու հանգամանքն այսօր այստեղ չի քննարկվում»,– ասաց նա:

«Ես մեկ անգամ ասել եմ՝ եթե խոսում ենք «Մարտի 1»–ի իրադարձության մասին, հաշվի առնելով այն հոդվածը (սահմանադրական կարգի տապալում – Tert.am), որը դրված է, հենված է հանրապետության 3 նախագահների գործունեության վրա. մի նախագահն ընտրվել էր, մյուս նախագահը դա չէր ընդունում, մյուս նախագահն էլ պետք է կարգուկանոն հաստատեր հանրապետությունում և այդ ամենը ինչ-որ կերպ փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին: Հարգանք տածելով նաև մյուս նախագահների նկատմամբ՝ այս պայմաններում կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում»,- մանրամասնեց Սեյրան Օհանյան:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղեկատվական մեծ իրադրություն է ստեղծվել: «Կարծես բոլորը կողքից նայում են և հրճվում, թե ինչ պայմաններում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահը: Որպես իմ նախին գերագույն հրամանատար՝ նրա տված ոչ մի խոստումն օդում չի մնացել. եթե Քոչարյանը մի բան խոսք է տվել, դա օդում չի մնացել»,- ասաց Օհանյանը՝ վստահեցնելով, որ ցուցմունքների հետ կապված իր վրա չեն փորձել ազդել:

Մանրամասները՝ տեսանյութում։