Մարտին Սկորսեզեն գովաբանել է «Ջոկեր» ֆիլմը և բացատրել, թե ինչու է հրաժարվել նկարահանել այն
Ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Մարտին Սկորսեզեն պատմել է, որ իր կարծիքով՝ «Ջոկեր» ֆիլմը «հիանալի» է ստացվել և այն իր «էներգիան ունի»:
Ինչպես հայտնում РИА Новости-ն, Սկորսեզեն խոստովանել է, որ ինքն է մտադրություն ունեցել նկարահանելու «Ջոկերը»: Երբ ֆիլմի մասին առաջին անգամ լուրեր տարածվեցին 2017-ին, հաղորդվում էր, որ Սկորսեզեն հանդես կգա որպես պրոդյուսեր և, հնարավոր է, որպես ռեժիսոր ևս: Նշվում էր, որ Warner Bros. ընկերությունը հույս ուներ, որ Սկորսեզեն ֆիլմում կներգրավեր Լեոնարդո Դի Կապրիոյին:
2018-ին, սակայն, երբ մեկնարկում էին ֆիլմի նկարահանումները, Սկորսեզեն այդպես էլ չհայտնվեց նախագծում:
«Ես շատ լավ գիտեմ ռեժիսոր Թոդ Ֆիլիպսին և այդ սցենարը: Ես շատ եմ մտածել դրա մասին վերջին 4 տարվա ընթացքում, սակայն որոշեցի, որ ժամանակ չունեմ: Ես հրաժարվեցի այդ աշխատանքից անձնական պատճառներով: Ֆիլմում իսկապես էներգիա կա: Եվ, Խոակինն էլ, իհարկե: Ժապավենը հիանալի է ստացվել»,- ասել է Սկորսեզեն:
Սկորսեզեն ընդգծել է, որ չի ցանկացել նաև աշխատել այնպիսի կերպարի վրա, որը կոմիքսների հերոս է դառնում:









