Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը փայտագողին նշանակել է խորհրդական, Արարատի տարածքային բաժնի պետն էլ ապօրինություններ է թույլ տվել․ ավագ տեսուչ

20:51 • 06.11.19

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բաժնի պետ Արմեն Բավոյանի կողմից ապօրինություններ են կատարվել, ինչի մասին ինքը բարձրաձայնել է:

«Տեղի է ունեցել շինծու բողոք, ըստ որի` մի խումբ բնակիչներ բողոքել են ասֆալտի գործարանի գործունեությունից, և եղել է 18 բնակչի ստորագրություն, սակայն նրանցից միայն մեկն է եղել համայնքի բնակիչ, իսկ մյուսները պարզ չէ, թե ովքեր են: Այսպիսով՝ այս բողոքի հիման վրա նշանակվել է ստուգում, սակայն Արմեն Բավոյանն ասֆալտի գործարանի տնօրենից վերցրել է փաստաթղթերը, ասել է, որ ինքը կգնա և 300 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ կտուգանի: Որից հետո ես ասում եմ՝ դեռևս ստուգում չեմ արել, ի՞նչ գիտեք՝ 150 հազար դրամ է լինելու տուգանքը, իսկ Արմեն Բավոյանն ասել է, որ նման բան չի ասել: Որից հետո ես զեկուցագիրն եմ գրել մարմնի ղեկավարին, ներկայացրել եմ անօրինականությունները, սակայն հենց մարմնի ղեկավարն է պահում իրեն»,-ասաց նա:

Արթուր Բադալյանը նշեց, որ փոխարենը Արմեն Բավոյանի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնեն, իր նկատմամբ են իրականացնում՝ աշխատանքի չներկայանալու պատճառով, և երբ աղմուկ է բարձրացնում, դրանից հետո միայն Արմեն Բավոյանի նկատմամբ ևս իրականացվում է ծառայողական քննություն:

Նա նշեց, որ այս ամենի պատճառն այն է, որ այդ ասֆալտի գործարանը խանգարում է մոտակա գազալցակայանին, որի տերը Արմեն Բավոյանի ընկերն է, այնինչ այդ գազալցակայանը անօրինական ջրօգտագործում է իրականացնում: Նա նշեց, որ այս ամենի վերաբերյալ նամակով տեղեկացնելու է վարչապետին, քանի որ համոզված է, որ վարչապետը տեղյակ չէ այս ամենից: «Սա ոչ պրոֆեսիոնալ կառավարում է, ես տեսնում եմ միտումնավոր է այս ամենը արվում»,-ասաց Արթուր Բադալյանը:

Նա նշեց, որ ինքը ևս միացել է տեսչական մարմնի աշխատողների բաց նամակին, որտեղ նշվում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, տևական ժամանակ է, ինչ չի հաշտվում աշխատանքային կազմի հետ:

Ավագ տեսուչը նշեց, որ համաձայնեց նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանի հետ, ըստ որի՝ Վիգեն Ավետիսյանը «փայտագողին»` Արթուր Օթարյանին, նշանակել է խորհրդական: «2017 թվականին ինքս եմ ստուգել Իջևանի անտառտնտեսությունը և հաստատում եմ, որ հայտնաբերել եմ շատ խախտումներ: Այդ անտառը գերանդիով խոտհունձ է կատարել կոնկրետ հենց ինքը, և հիմա նրան նշանակել են խորհրդական»,-ասաց նա;

Tert.am-ը զրուցեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանի հետ, ով նշեց, որ նման բան չի եղել և չի էլ կարող լինել: «Ծառայողական քննություն է նշանակված, մնացածը ծառայողական քննությունը կորոշի»,-հավելեց նա: