Չինական ընկերության ղեկավարները լվացել են աշխատակիցների ոտքերը՝ շնորհակալություն հայտնելով լավ աշխատանքի համար (տեսանյութ)
Չինաստանում գործող կոսմետիկ միջոցներ վաճառող ընկերություններից մեկը վերջերս գովասանքի է արժանացել իր աշխատակիցներին յուրօրինակ կերպով շնորհակալություն հայտնելու համար:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, ընկերության երկու գործադիր տնօրեններ հատուկ կազմակերպված միջոցառման ժամանակ ծնկի են իջել և լվացել իրենց ամենահավատարիմ և ջանասեր աշխատակիցների ոտքերը:
Երախտագիտություն հայտնելու տպավորիչ արարքը պատկերող տեսանյութն այս շաբաթ մեծ տարածում է գտել չինական սոցցանցերում: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին:
Նրանց այս արարքը մեծ տպավորություն է գործել հասարակության վրա, քանի որ Չինաստանում ղեկավարները, սովորաբար, հայտնի են աշխատակիցների հանդեպ խիստ վերաբերմունքով և հատկապես՝ թերացումների համար դաժան պատիժներ սահմանելով: Շանդուն նահանգի Ցզինյան քաղաքում գործող ընկերությունն ապացուցել է, որ իրենք կարող են նաև շնորհակալ լինել:









