Չեմ բացառում, որ կարող է լինել համընդհանուր դասադուլ, բայց դա չի լինի օրինագծի դեմ, այլ՝ հավեսի համար. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

15:36 • 06.11.19

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների, դասադուլ իրականացնող ուսանողների հետ հանդիպումից հետո պատախսանեց լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ դասադուլը, գործադուլը պետք է անել համալսարանից դուրս, քանի որ բոլորը չէ, որ միացել են դրան: Ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը՝ կապված առարկաների պարտադիր լինելուն, նա նշեց` արհեստական է համարում երկու առարկաներն առանձնացնելը և մյուսների մասին չխոսելը:

Ըստ ռեկտորի պաշտոնակատարի՝ պարտադիրների շարքում շոշափելի առարկայացանկ կա և օրինակ բերեց, որ դպրոցներում չկան օրենքով պարտադիր առարկաներ, դրանք ամրագրված են Կառավարության չափորոշիչներով և ծրագրերով: «Ես ինքս գտնում եմ, որ այդ երկու առարկաներն արժե անցնել բուհերում, սակայն թե ե՞րբ և ինչպե՞ս, պետք է քննարկման հարց լինի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դասադուլ անողների հետ քննարկմանը, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց. «Ես խնդրել եմ և նրանք էլ համաձայնել են, որ չխանգարեն նրանց, ովքեր ցանկանում են դաս անել, այսինքն՝ շենքից դուրս պետք է արվի»:

Նա նշեց, որ համալսարանը ընդհանրական կարծիք չունի և դեմ է, որ համալսարանի անունից մեկ որոշում կայացվի: «Առավել ևս վստահ եմ, որ այս հարցում միասնական որոշում չի լինի»,-ասաց նա:

Հարցին, թե ցանկություն ունի՞ պաշտոնավարել որպես ռեկտոր, նա պատասխանեց՝ քանի որ այս պահին պաշտոնավարում է, ուրեմն ցանկություն ունի. «Երեք ամիս հետո ցանկություն կունենա՞մ, թե ոչ, կախված է նրանից, թե ինչ պայմաններ կլինեն` թե համալսարանում, թե իմ անձնական կյանքում»,-ասաց նա: Նա նշեց, որ երբ իրեն առաջարկվեց դառնալ ռեկտորի պաշտոնակատար, ուներ այլ գայթակղիչ առաջարկ, սակայն չմեկնաբանեց, թե ինչու ընտրությունը կանգ առավ այս պաշտոնի վրա:

«Ընդհանրապես ասել, որ այդ առարկաները կարևոր են մեր ազգային ինքնության համար և այլն, մերկապարանոց հայտարարությունն է, այդ առարկաներն անցնել հանուն անցնելու կամ որ որոշ մարդիկ ունենան զբաղվածություն, անընդունելի է: Ես չեմ բացառում, որ կարող է լինել համընդհանուր դասադուլ, բայց համոզված եմ՝ դա չի լինի օրենքի նախագծի դեմ, այլ  կլինի հավեսի համար»,-ասաց նա: