Metallica-ն 100,000 դոլար է փոխանցել Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածների օգնության հիմնադրամին
Ամերիկյան Metallica ռոք խումբը 100,000 դոլար է նվիրաբերել «Ամեն ինչ մեր ձեռքերում է» հիմնադրամին՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն տրամադրելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երաժիշտները հայտնել են Twitter-ում:
Նշվում է, որ գումարը կբաշխվի երկու հիմնադրամների միջև (Wildfire Relief Fund և Sonoma County Resilience), որոնք կօգնեն տարերային աղետի դեմ պայքարին:
Երաժիշտները երկրպագուներին կոչ են արել հետևել իրենց օրինակին. «Եթե կարող եք գումար, ինչպես նաև շուտ չփչացող մթերք, հագուստ փոխանցել, ձեր ժամանակը տրամադրել կամ կացարան հատկացնել տուժածներին, այդ ամենը շատ կարևոր է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի խումբը 100,000 դոլար է փոխանցել հրդեհների դեմ պայքարին, իսկ 2017-ին բարեգործական համերգ է կազմակերպել Սան Ֆրանցիսկոյում:









