Mansion Yacht. լողացող տան տեսքով և բացառիկ դիզայնով զբոսանավը ներկայացվել է International Boat Show նավերի ցուցահանդեսին (լուսանկարներ)
Ֆլորիդայում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը տեղի ունեցած նավերի՝ International Boat Show 60-րդ ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել են ամենանոր և անսովոր դիզայնով զբոսանավերն ու նավերը, գրում է luxurylaunches.com-ը:
Ցուցադրված օբյեկտների շարքում հատուկ ուշադրության է արժանացել Mansion Yacht-ը:
Բացառիկ դիզայնով նավն առաջին խորանարդաձև զբոսանավն է, որը ստեղծվել է մարդկանց զբոսանավի տեսքով լողափնյա տուն առաջարկելու նպատակով: Չնայած սովորական զբոսանավի տեսքին՝ Mansion Yacht-ը խորանարդաձև է և 836 քառակուսի մետր մակերես ունի:
Զբոսանավը բնութագրվում է որպես ջրի վրա հիդրավլիկ ոտքերով կանգնած տուն:
Mansion Yacht-ը երեք հարկ ունի, 5 մեծ ննջասենյակ՝ յուրաքանչյուրը երկտեղանոց մահճակալով և լոգասենյակով: Նավի առջևի մասը հատուկ նախատեսված է զվարճանքի համար:
Ածխածնային հետքը նվազեցնելու նպատակով նավը սպասարկում է 70 արևային վահանակ:
Mansion Yacht-ն աշխարհում առաջին զբոսանավն է, որը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ինչը 25 տոկոսով ավելի մատչելի է պահպանել, քան այլ նյութից պատրաստված համանման նավը:











