Տաջիկա-ուզբեկական սահմանին զինված խումբը հարձակվել է սահմանապահ ուղեկալի վրա. 15 գրոհային է զոհվել
Տաջիկա-ուզբեկական սահմանին զինված խումբը հարձակվել է սահմանապահ ուղեկալի վրա: Այս մասին հայտնել են Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, գրում է ria.ru-ն:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ դիմակավորված 20 գրոհային հարձակվել է «Սուլթանաբադ» ջոկատի «Իշկոբոդ» ուղեկալի վրա՝ Դուշանբեից 60 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում:
«Ուժային կառույցների գործողության արդյունքում զինված հանցավոր խմբի 15 անդամներ, որոնք գտնվել են շրջափակման մեջ, ոչնչացվել են, հինգը ձերբակալվել են»,- հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից:
Փոխհրաձգության հետևանքով զոհվել է նաև սահմանապահ զորքերի զինվոր ու մեկ ոստիկան:
Դեպքի վայրում ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, կատարվում է հետաքննություն:









