Կրթությունը ամենաթողության է մատնված. ԵՊՀ-ում բողոքի ակցիան շարունակվում է

11:03 • 06.11.19

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով:

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբանյանը նշեց, որ սա ուսանողական նախաձեռնություն է և ուրախ է, որ մեր երիտասարդ սերունդը մտահոգվում է մեր պետության և իրենց ապագայի համար, քանի որ այս ուսանողներն ապագա տնօրեններ, նախարարներ են: «Հարցն այն է, որ հայերենին, որպես Սահմանադրությամբ հաստատված պետական լեզվի, պատշաճ վերաբերմունք պետք է տրվի»,-ասաց նա:

Նա համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հայերենով մասնագիտական գրականություն շատ քիչ կա, սակայն նշեց, որ եթե մենք այսպես հարվածում ենք հայերենին, մասնագետների բանակը նվազում է: Նա հարց բարձրացրեց՝ եթե մեր երկրում գնահատվում է նախարարի, դատավորի, դատախազի աշխատանքը, ինչո՞ւ չի գնահատվում գիտնականի աշխատանքը:

Նարինե Դիլբանյանը նշեց, որ ամբիոնը բաց նամակ է ուղարկել նախագահին և նախարարին՝ ընդհանուր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի վերաբերյալ:

«Մենք երևի հեղափոխությունից հետո հանգստացանք, մտածեցինք, որ կոռուպցիան արմատախիլ է լինում, որ մենք արդեն հասել ենք ինչ-որ աստիճանի և կարող ենք այդ դափնիների վրա քնել: Ես ուրախ եմ, որ ուսանողներն էլ են ցույց տալիս, որ թմրախտ է պատել, հեղափոխությունը շատ ավելի մեծ խնդիրների համախումբ է բարձրացրել»,-ասաց նա:

Հարցին, թե կարծում է, որ այս բողոքի ալիքը կտարածվի՞ մյուս բուհերի վրա ևս, նա ասաց, որ ողջախոհությունը միշտ էլ տարածվում է:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ կրթությունը ամենաթողության է մատնված: «Չեմ կարծում, որ Մայր բուհը Կառավարության, կրթության գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության ուշադրության կենտրոնում է, նախարարությունն ուշադրություն չի դարձնում ներքին կարգ ու կանոնին: Եթե այն ժամանակ մայր բուհին մեղադրում էին կուլիսային խոսակցությունների մեջ, այսօր հենց նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ են կուլիսային խոսակցությունները: Կրթությունն առաջընթաց չի գրանցում և լավագույն գնահատականը, որ կարող ենք տալ, այն է, որ կրթությունը նույն տեղում դոփում է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ է մշակել։ Ըստ այդ օրինագծի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։