Հիմա դրա ժամանակը չէ, միգուցե տարիներ հետո, երբ դպրոցը հիմնավոր կուսուցանի այդ առարկաները, նոր հասնենք դրան. դեկանը՝ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախագծի մասին (տեսանյութ)

13:02 • 06.11.19

Իմ կարծիքով՝ դասադուլ պետք անել չէ, ուսանողությունն իր կարծիքը պետք է դասերից դուրս արտահայտի, բայց հիմա ուսանողներն են անում, և ես չեմ կարող որևէ բան ասել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը՝ անդրադառնալով ուսանողների դասադուլին՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերի պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու նախագծի:

Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությանը, ապա Արծրուն Ավագյանի կարծիքով՝ հիմա դրա ժամանակը չէ: «Գուցե տարիներ հետո մենք հասնենք դրան, և դա այն դեպքում, եթե դպրոցն այդ առարկաները լիարժեք, հիմնավոր կուսուցանի և այն վիճակում չի լինի, ինչը ներկայում է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե խոսքը հայեցողական լինելու մասին է, նա ասաց, որ այդ հայեցողականը բառախաղ է, որովհետև, ըստ նրա, հենց դա նշանակում է հանել առարկայացանկից. «Այդ դեպքում թող բոլոր առարկաները դնեն հայեցողական, ու տեսնենք, թե որ ուսանողը կգա ֆիզիկա կսովորի, այդ թվում՝ ֆիզիկայի ֆակուլտետում, կամ՝ որ ուսանողը կցանկանա աշխարհագրագետ դառնալ: Այդպես չի կարելի. եթե դու պետական դիպլոմ ես տալիս, պետք է որոշակի պետական օրենքներ գործեն: Օրինակ՝ դասերի հաճախումն է պարտադիր, պարտադիր առարկաների յուրացում կա, ընտրականը ոչինչ չասող խոսք է»,- նշեց նա:

Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանը նշեց, որ այդ առարկաները պարտադիր առարկայացանկից հանելը ինքնության, մշակույթի հարց է: «Ինչ հասուն տարիքում այդ ամենը սովորես, իմանաս, ի՞նչ դպրոցական տարիքում: Դրանք տարբեր բաներ են, բոլորովին տարբեր մակարդակներ, և այնպես չէ, որ նույն նյութն են անցնում: Այստեղ շատ ավելի խորացված, գիտական ու հիմնավորված են սովորում»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է ռեկտորի ԺՊ-ն իրեն հրավիրել իր մոտ, նա նշեց, որ դա հերթական հանդիպում էր, միշտ էլ աշխատանքային քննարկումներ են ունենում ռեկտորի հետ: Այս անգամ խոսել են նաև դասադուլից:

Մանրամասները՝ տեսանյութում: