Մաքսազերծման համար 10 օրը շատ քիչ է. Գյումրիի մաքսատան կիլոմետրերի հասնող հերթերի պատճառով վարորդները գիշերում են ավտոմեքենաներում (տեսանյութ)

22:21 • 06.11.19

Հոկտեմբերի 14-ից Գյումրիում սկսվեց Վրաստանից և Ճապոնիայից ներկրվող մեքենաների մաքսազերծումը, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն այստեղ են կատարվում նաև ինքնաշարժ եղանակով Հայաստան մուտք գործած մարդատար մեքենաների մաքսային ձևակերպումները: Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեքենաների հերթերը ձգվում էին մոտ 3 կմ՝ Շիրակացի փողոցում գտնվող մաքսատան տարածքից մինչև Անի թաղամասի վերջնամաս։

Մաքսազերծման սպասողների մեծ հերթի պատճառը Հայաստան ներմուծվող մեքենաների քանակի կտրուկ ավելացումն է: Դրան գումարվել է նաև  այն, որ ինքնաշարժ եղանակով Բավրայի և Բագրատաշենի մաքսակետերով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը միայն Գյումրիում է կատարվում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել նաև ԵԱՏՄ երկրների ավտոներկրողների համար:

Վարորդները դժգոհում են առաջացած հերթից: Նրանք դիմում են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, առաջարկելով մաքսազերծման 10 օրը փոխարինել 20 օրով:  

«10 օրը շատ քիչ է ու եթե չհասցնենք 100 հազար դրամ տուգանք պիտի մուծենք: Երևանում էլ կար հերթ գոնե կիմանայինք գիշերը տուն ենք գնում, եթե մաքսազերծման հերթը չէր հասնում: Ամոթ էլ է ասել, բայց այստեղ զուգարան էլ չկա, ես առավոտվա ժամը 7-ից ստեղ եմ, ու դեռ քանի կիլոմետր կա, որ իմ հերթը հասնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Վարդան Հարությունյանը:

Վարորդ Գագիկ Հակոբյանն էլ ասաց, որ հերթը կարող է օրեր տևել, իսկ իրենք սպասելու տեղ չունեն, գիշերում են մեքենայի մեջ:

«Ես եկել եմ իմ անձնական մեքենայի համար, բայց շատերը մեքենա ներկրում են որպեսզի փող աշխատեն, եթե աշխատածն էլ պիտի հյուրանոցներին տան ու օրերով մնան էստեղ, էլ իմաստը ո՞րն է: Երկու ամսից  հետո այս հերթերը էլ չեն լինելու: Ասում են՝ 30 աշխատատեղ ենք բացել: Էդ 30 աշխատատեղի համար էսքան մարդու ծախսի տակ են գցում ու էսքան տանջում են, դե թող մեզ համար պայմաններ ստեղծեն»,- ասաց Գագիկ Հակոբյանը:

Վարորդներից շատերն էլ դժգոհեցին՝ ասելով, որ առջևում ձմեռ է, եթե հիմա կարողանում են գոնե մնալ մեքենայի մեջ, ապա շուտով և՛ ճանապարհներն են լինելու դժվարանցանելի, և՛ կացության հարցն է բարդանալու:

Մանրամասները՝ տեսանյութում: