Ածխաթթու գազի արտանետումները չկրճատելու դեպքում մարդկությանն աննկարագրելի տանջանքներ են սպասվում․ 11 հազար գիտնական փաստաթուղթ է ստորագրել
153 երկրների ավելի քան 11 հազար գիտնականներ ստորագրել են մի փաստաթղթի տակ՝ համաձայն որի մարդկությանն աննկարագրելի տանջանքներ են սպասվում, եթե շտապ քայլեր չձեռնարկվեն՝ ածխաթթու գազի արտանետումները կրճատելու համար: Հետազոտությունը տպագրվել է BioScience գիտական ամսագրում:
Գիտնականների հետազոտությունները հիմնված են 40-ամյա ուսումնասիրությունների վրա: Այդ տվյալները ներառում են էներգիայի օգտագործման, մթնոլորտի ջերմաստիճանի, բնակեցման աճի, անտառահատման տեմպերի, բևեռային սառույցների զանգվածի, ածխաթթու գազի ցուցանիշների արձանագրած տվյալների վրա:
Սիդնեյի համալսարանի աշխատակից, փաստաթղթի հեղինակներից Թոմաս Նյուսոմի խոսքով՝ գիտնականները պետք է կատարեն իրենց բարոյական պարտքը և ողջ աշխարհին տեղեկացնեն էկոլոգիական ծայրահեղ իրավիճակի մասին: Օրեգոն նահանգից Ուիլյամ Րիփլն էլ հավելել է, որ կլիմայական փոփոխությունները տեղի են ունենում ավելի արագ, քան գիտնականներն էին կանխատեսում:
Մասնագետները նշում են, որ դեռևս ուշ չէ, և մարդկությունը դեռևս կարող է քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար:
Գիտնականները մասնավորապես կոչ են արել հանածո վառելիքը փոխարինել վերականգնվող էներգիայով, կրճատել օդի աղտոտիչները, արտանետումների համար բարձր հարկեր ներմուծել, դադարեցնել զանգվածային անտառահատումները և այլն:










