Հունաստանում զբոսաշրջիկի նավակը կորցրել է կառավարումը. նա երկու օր միայնակ բաց ծովում է անցկացրել

01:58 • 06.11.19

Հունաստանում զբոսաշրջիկի են փրկել, որը երկու օր բաց ծովում միայնակ անցկացրել է նավակի վրա, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Նոր Զելանդիայի բնակիչ, 47-ամյա Կուշիլա Ստեյնը հանգստացել է ամուսնու հետ հունական Ֆոլեգանդրոս կղզու մերձակայքում գտնվող զբոսանավում: Մի օր նա նավակ է նստել և միայնակ գնացել կղզի՝ գնումներ կատարելու: Երբ հաջորդ առավոտ կինը չի վերադարձել նավ, ամուսինն ահազանգել է իրավապահներին:

Հունաստանի առափնյա պահպանությունն ու ոստիկանությունը սկսել են որոնողափրկարարական գործողությունները և երկու օր անց Կրետեից 80 կմ դեպի հյուսիս հայտնաբերել են Կուշիլային: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժում է անցնում ջրազրկման դեմ:

Նշվում է, որ կղզուց զբոսանավ վերդառնալիս Ստեյնի նավակը կորցրել է կառավարումը: Բաց ծովում նավերի ուշադրություն գրավելու համար զբոսաշրջիկը կարմիր տոպրակ է դրել գլխին, իսկ ձեռքին հայելի պահել: Նա սնվել է քաղցրավենիքով, ինչն օգնել է նրան օգնության սպասել 40 ժամ:

Տուժածի մայրը՝ Վենդին ասել է, որ դուստրը նավակի վրա գրել է ծնողների անուններն ու հեռախոսահամարները, որպեսզի իշխանություններն իմանան՝ ում հետ կապ հաստատեն, եթե Կուշիլային շատ ուշ գտնեն: