Հոնկոնգում անհայտ անձը դանակով հարձակվել է օրենսդիր խորհրդի անդամի վրա (տեսանյութ)

09:34 • 06.11.19

Անհայտ անձը դանակով հարձակվել է Հոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամի վրա և վիրավորել ևս երկու մարդու, հաղորդում է South China Morning Post պարբերականը:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 8:44-ին՝ Տուեն Մուն շրջանում:

Global Times պարբերականի հրապարակած տեսանյութում երևում է, որ օրենսդիր խորհրդի անդամը գտնվում է իր վրանի մոտ, որտեղ ընտրողների հետ շփվում է տեղական շրջանային խորհրդի ընտրությունների քարոզարշավի շրջանակում, սակայն անսպասելիորեն դանակի հարված է ստանում իր առջև կանգնած տղամարդուց:

Ըստ հաղորդման՝ վիրավորվել է ևս երկու մարդ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, հարձակվողը ձերբակալվել է: Օրենսդիր խորհրդի անդամը լուրջ վնասվածքներ չի ստացել և օգնել է վնասազերծել իր վրա հարձակում գործած անձին: Նրա գրասենյակն անմիջապես չի պատասխանել այդ միջադեպը մեկնաբանելու խնդրանքին, սակայն ոստիկանությունը հաստատել է, որ պատգամավորը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում:

RTHK հանրային հեռարձակողի տվյալներով՝ հարձակվողը հայհոյանքներ է հնչեցրել թեկնածուի հասցեին՝ մեղադրելով նրան հուլիսի 21-ին Յուեն Լոնգում ցուցարարների վրա հարձակման համար, երբ տասնյակ սպիտակ հագուստներով մարդիկ հարձակվել էին տղամարդկանց խմբի վրա: Այդ բախումների հետևանքով 36 մարդ էր հոսպիտալացվել։

Հակակառավարական ցույցերի դեմ հանդես եկող թեկնածուն ենթարկվել էր զանգվածային քննադատության, երբ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ նա սեղմում է սպիտակ վերնաշապիկով տամարդկանց ձեռքը: