«ՀուԶանք ու Զանգ»-ն արվեստի հետ կապ չունեցող անհեթեթություն էր. Վիգեն Ստեփանյան

15:23 • 06.11.19

«ՀուԶանք ու Զանգ»-ը ներկայացում չէ. տեղի ունեցածն արվեստի հետ ոչ մի կապ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

«Ներկայացումն ունի իր կանոնները, իր միտքը, իր գաղափարը: Սա ինչի՞ մասին էր»,-նշեց Ստեփանյանը` ընդգծելով, որ անգամ անիմաստ է համարում խոսել «այդ անհեթեթության մասին»:

Վերջինիս կարծիքով`ներկայացման կազմակերպիչները ցանկանում էին աղմուկ բարձրացնել, և իրենց նպատակն էր, որ այդ քայլը հանրության շրջանում լայն արձագանք ստանա:

«Եվ մենք շատ սխալ ենք անում, որ նման ուշադրություն ենք դարձնում այդ անհեթեթությանը»,-ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:

Հարցին` այդ դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացմանը տրամադրված 2.7 միլիոն դրամաշնորհը արդարացվա՞ծ էր, բեմադրիչը պատասխանեց. «Ըստ իս` ոչ, բայց գուցե նախարարությունը այդպես է նպատակահարմար գտել»:

Հիշեցնենք` «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը կայացել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում` նոյեմբերի 2-ին` ՀՀ ԿԳՄՍՆ-ի հատկացրած 2.7 միլիոն դրամաշնորհով: