Բրիտանիայում լեռնագնաց աղջիկը սայթաքել և ցած է ընկել ընկերոջ աչքի առջև, ով չի հասցրել փրկել նրան

16:33 • 06.11.19

29-ամյա բրիտանացի Հաննա Լուոն փորձառու լեռնագնաց էր և իր ընկերոջը նույնպես ծանոթացրել էր այդ «արվեստի» հետ․ գրում է Mirror-ը:

Մեկ տարի միասին ապրելուց հետո Հաննան և Ադամը որոշել էին հարաբերությունները ավելի նոր հարթություն տեղափոխել: Սիրահարները տուն էին գնել և որոշել այնտեղ նշել տղայի 30-ամյակը:

Հաննան քրոջ, մոր և ընկերոջ հետ դեպի Դերբիշիր կոմսության լեռներ զբոսանքի է գնացել: Բարձրանալով վեր՝ սիրահարները ցանկացել են մի փոքր միայնակ մնալ՝ քննարկելու ապագայի պլանները: Զույգը, սակայն, պահը վայելելու քիչ ժամանակ է ունեցել: Վերադառնալիս աղջիկը սայթաքել է. Ադամը սարսափահար շտապել է բռնել աղջկա պայուսակը, սակայն չի հասցրել․սիրելին իր աչքի առջև 18 մետր բարձրությունից ներքև է ընկել:

«Մենք շատ երջանիկ էինք. չէ՞ որ վաղն իմ ծննդյան օրն է՝ 30-ամյակս: Մենք գնել ենք մեր առաջին տունը: Մի քանի րոպե անց մենք պատրաստվում էինք վերադառնալ: Հաննան պտտվելիս կորցրեց հավասարակշռությունը: Ես շտապեցի օգնել նրան, սակայն չհասցրեցի, և նա ընկավ»,- սոցցանցերից մեկի իր էջում գրել է Ադամը:

Երբ փրկարարները տեղ են հասել, նա արդեն մահացած է եղել: Հաննան գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել: Ոստիկանները հետաքննություն են անցկացրել և հաստատել, որ աղջիկը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:

«Բառերն անզոր են նկարագրելու այն ցավը, որ այժմ զգում եմ: Ես ընդմիշտ կսիրեմ քեզ: Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ս, մինչ նորից կհանդիպենք»,- գրել է Ադամը: