1,8 միլիոն ռուբլի. Մալախովը բացահայտել է իր թոք շոուին մասնակցության համար վճարված ամենամեծ հոնորարը (տեսանյութ)

11:06 • 07.11.19

ՌԴ հաղորդավար Անդրեյ Մալախովի թոք շոուին մասնակցության համար ամենամեծ հոնորարը վճարվել է դերասան Էմանուիլ Վիտորգանին, գրում է lenta.ru-ն։

Դերասանը 1,8 միլիոն ռուբլի է ստացել «Ուղիղ եթեր» հաղորդմանը մասնակցության համար, որը դերասանի առաջին հարցազրույցն էր դստեր ծննդից հետո։ Այս մասին Մալախովն ասել է Քսենյա Սոբչակի հետ զրույցի ժամանակ։

Մալախովն ասել է, որ բավականին մեծ հոնորար է ստացել նաև ոճաբան, շոումեն Սերգեյ Զվերևը, որը «Ողջույն, Անդրեյ» հաղորդման ժամանակ պատմել է իր որդեգրված որդու մասին։ Մալախովը հավելել է, որ այլ հեռուստաալիքներ Զվերևին ավելի մեծ գումար են առաջարկել բացառիկ հարցազրույցի համար, սակայն ոճաբանը նախընտրել է հենց «Ռոսիա 1»-ը՝ այն պատճառով, որ վաղուց է շփվում Մալախովի հետ։

Պատասխանելով Դիանա Շուրիգինայի հոնորորի վերաբերյալ հարցին՝ Մալախովն ասել է, որ առաջին եթերի համար Շուրիգինային 10 հազար ռուբլի է վճարել։ Մալախովը հավելել է, որ այնուհետև Դիանա Շուրիգինան անվճար նկարահանվել է իր YouTube-յան ալիքի համար։ 2017 թվականին ռուսական հեռուստաալիքը ներկայացրել էր Շուրիգինայի բռնաբարության պատմությունը։

Մալախովը չի համաձայնել Սոբչակի այն ենթադրության հետ, որ առաջիններից է եղել, որ ավանդույթ է դարձրել հերոսներին բացառիկ հարցազրույցների համար վճարելը։ Նրա խոսքով՝ նա և իր թիմը հերոսներին գրավել են ոչ թե գումարով, այլ օգնելու խոստումով, կամ էլ հերոսներն այդ քայլին գնացել են փառասիրությունից դրդված։

Մալախովը ենթադրել է, որ հերոսներին հաղորդմանը մասնակցության համար վճարելու պրակտիկան սկսվել է 4 կամ 5 տարի առաջ, երբ հեռուստաալիքները սկսել են պայքարել աստղերի՝ ամանորյա հաղորդումներին մասնակցության համար։ Նրա կարծիքով՝ այս ամենը սկսվել է ամանորյա հաղորդումներից, այնուհետև տարածվել նաև այլ հաղորդումների վրա։

Հարցազրույցում Մալախովը նաև բացահայտել է, թե որքան էր վաստակում Ռուսաստանի Առաջին ալիքում․ Մալախովի խոսքով՝ իրենից ավելի վճարվել են միայն Վլադիմիր Պոզները և Իվան Ուրգանտը։