Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը
Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է իսլամական հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությունը, գրում է tass.ru-ն:
«Ֆորդոյում վերսկսվել են ուրանի հարստացումն ու արտադրությունը»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ «բոլոր քայլերն իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:
2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն՝ Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք Է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում:
Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ից, երբ ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ գործարքից և նավթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց: Իրանական կողմի վարկածով՝ մյուս մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները, լիովին չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով անիմաստ է:
Սեպտեմբերին Իրանը հայտարարել էր, որ ձեռնամուխ է եղել միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման երրորդ փուլին և հրաժարվել է հետազոտական գործունեության սահմանափակումներից:









