«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ներկայացման բյուջեն կազմում է 52 000 դրամ՝ ի տարբերություն «ՀուԶանք ու Զանգ»-ի 2,7 մլն դրամ բյուջեի. Նարեկ Մալյան (տեսանյութ)
«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացման ամբողջական բյուջեն կազմում է 52 000 դրամ, ոչ թե «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման նման՝ 2,7 միլիոն դրամ: Այս մասին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում անցկացվող ներկայացումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, միջոցառման կազմակերպիչ Նարեկ Մալյանը:
«Այս պերֆորմանսով ուզում ենք նաև ոգևորել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցույց տալով, թե ինչեր կարող ենք անել մեր թատերախմբով»,-ասաց Մալյանը՝ նշելով, որ ևս երեք նմանատիպ միջոցառում են նախատեսում կազմակերպել:
«Առաջինը «Դեբիլների ապստամբություն» ներկայացումն է, որի սցենարը գրեթե պատրաստ է: Այնուհետև երկու օպերային ներկայացում ունենք՝ «Ազգ-կալանք» և «Թավշյա դդում»: Դրանց համար դիմելու ենք ԿԳՄՍՆ-ին՝ պահանջելով դրամաշնորհ»,-ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիրը՝ ընդգծելով, որ վստահ է՝ նախարարությունից կֆինանսավորեն:
Հիշեցնենք` մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:
Հիշեցնենք նաև, որ ներկայացման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2.7 միլիոն դրամ։









