Գործադիրը բարձրացնում է մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցողների խնամքի և ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը
Այսօր կառավարությունը որոշում ընդունեց, որով կապահովի բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ, այդ թվում աուտիզմ ունեցող մարդկանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողներին աշխատավարձի հավելում վճարելու իրավական հիմքերը: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ նախագծի՝ բացառապես մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողներին ծանր աշխատանք կատարելու համար ՀՀ պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ 18,9 մլն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը հունվարից աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացնելու մասին է և հետաքրքրվեց, թե կոնկրետ որ աշխատողներին է դա վերաբերում:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ խոսքը այն կազմակերպությունների մասին է, որոնք պետական պատվիրակմամբ մատուցում են ծառայություններ: Նա նշեց, որ շուրջ 19 միլիոն դրամը արդեն նախատեսել են 2020 թվականի բյուջեում:
Վարչապետը հետաքրքրվեց նաև, թե հստակ քանի մարդու մասին է խոսքը, սակայն նախարարը թիվ չհնչեցրեց և նշեց, որ հաշվարկված է միայն պատվիրակված ծառայությունների մասով:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներկայումս իրավական հիմքերը ձևավորելու որոշում են կայացնում և հետագա քննարկումների արդյունքում պետք է հստակ հաշվարկ լինի, թե քանի մարդու է վերաբերում: «Սա մեր վիճակագրության համար էլ է կարևոր, թե որքան մարդու համար ենք բարձրացնում աշխատավարձը. կանխատեսելիություն պետք է լինի: Սովորաբար նման դեպքում նախապես պետք է անել այդ աշխատանքը»,-ասաց նա:









