Նոյեմբերի 14-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ և զորացրում

12:17 • 07.11.19

Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նոյեմբերի 7-ի նիստում:

«Պարոն վարչապետ, ասեմ, որ այս տարի նախատեսվում է բուն զորակոչը սկսել ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ից՝ հաշվի առնելով, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե չորակոչ չի լինում՝ ոչ աշխատանքային օրերի հետ կապված: Զորակոչային նախապատրաստական աշխատանքները նախատեսում են սկսել նոյեմբերի 14-ից»,-ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ նախագծի երկրորդ հավելվածով սահմանվում է զորակոչային հանրապետական հանձնաժողովի կազմը, իսկ երրորդ հավելվածով՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը:

Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի  հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով: Վերջինիս կազմի հետ կապված որոշակի առարկություններ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց երկու գերատեսչություններին քննարկել հարցը և գտնել համատեղ լուծում: