Չելյաբինսկի մարզում հիվանդի դեմքը հատակի կեղտոտ լաթով են սրբել. հիվանդանոցի գլխավոր բժշկին հեռացրել են աշխատանքից (տեսանյութ)

16:28 • 07.11.19

ՌԴ Չելյաբինսկի մարզի Միաս քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժշկին՝ Դենիս Մախանկովին, հեռացրել են աշխատանքից՝ հիվանդանոցի աշխատակցի կողմից հիվանդի դեմքը հատակի կեղտոտ լաթով սրբելու համար, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ համացանցում է հայտնվել հիվանդասենյակում նկարահանված մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հիվանդասենյակ մտնում մաքրուհին, որտեղ մահճակալի վրա նստած է մերկ հիվանդը։ Հիվանդասենյակի հատակը կեղտոտ է եղել, և մաքրուհին հայտարարել է, որ դա հիվանդն է արել։ Վերադառնալով լաթի կտորով՝ մաքրուհին այն մտցրել է կեղտոտ ջրով լի տարայի մեջ և քսել կնոջ դեմքին՝ չնայած վերջինիս ընդդիմանալու փորձերին։

Հիվանդանոցի տնօրենի փոխանցմամբ՝ հիվանդի հանդեպ էթիկայի նորմերի խախտման առնչությամբ այժմ հիվանդանոցում քննություն է ընթանում, և հիվանդանոցի աշխատակցի մեղքը հաստատվելուց հետո վերջինիս հանդեպ կարգապահական տույժ կսահմանվի։

Շրջանի ղեկավարի տեղակալ Իրինա Գեխտի խոսքով՝ կոպիտ խախտումը տվյալ դեպքում ակնհայտ է, և քննության ավարտից հետո խիստ քայլեր կձեռնարկվեն։