«Իսլամական պետության» զինյալները պատրաստվում են ընդլայնվել ԱՊՀ տարածքում. Բորտնիկով
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ԱՊՀ հատուկ ծառայություններն Աֆղանստանում նկատել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումների ակտիվացում, որոնք ծրագրում են ընդլայնել իրենց գործողություններն ԱՊՀ-ի տարածքում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք արձանագրում ենք ԻՊ-ի ստորաբաժանումների ակտիվացում Աֆղանստանում, որոնք միավորված են այսպես կոչված «Վիլայաթ Խորասան» անվամբ խմբավորման մեջ: Նրանց հետ սերտ կապ ունեն «Ջամաաթ Անսարուլլահ» և «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» խմբավորումները: Նրանց նպատակն է հարթակ ստեղծել ԱՊՀ տարածքում գործունեությունն ընդլայնելու համար»,- ասել է Բորտնիկովն ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստի ժամանակ:
Բորտնիկովի խոսքով՝ ահաբեկիչները հասկացել են, որ իրենք պարտվել են Սիրիայի և Իրաքի տարածքում, այդ իսկ պատճառով ցանկանում են մնացյալ ուժերը դուրս բերել Մերձավոր Արևելքի տարածքից: Նրանք նոր ապակայունացման գոտիներ են ստեղծում Ասիայում և Աֆրիկայում, Եվրոպայում էլ ստեղծում են քնած բջիջների ցանցեր:
Բորտնիկովի տվյալներով՝ ահաբեկիչների գործունեության ընդլայնման փորձը կլինի միջինասիական հանրապետությունների քաղաքացի հանդիսացող զինյալների միջոցով:









