Սաուդյան Արաբիայում դպրոցի սաներին վախեցրել է հարևան տան տանիքին նստած առյուծը (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում հարևան տան տանիքին նստած առյուծը վախեցրել է միջնակարգ դպրոցի սաներին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է էգ առյուծը տանիքից «ուսումնասիրում» դպրոցի բակը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցի ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի ապահովի սաների անվտանգությունը և կատարվածի մասին հայտնել է ոստիկանությանը։
Պարսից ծոցի երկրների բնակիչները սիրում են տանը պահել իրենց վայրի կենդանիներին, հատկապես՝ առյուծներին ու վագրերին, թեև Սաուդյան Արաբիայի օրենքն արգելում է բնակելի տարածքներում կենդանիներ պահել, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել մարդու կյանքի համար։









