ԿԳՄՍ նախարարը պետք է լինի հայամետ ու հայակենտրոն. ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Ա. Հարությունյանի հրաժարականը
«Արայի ՛կ, գնա տուն» վանկարկումներով Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամները:
Նրանք պահանջում են Կառավարության նիստն անցկացնել առանց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի:
«Մեր օրակարգում մի կետ է` Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա: Նա իրեն որպես նախարար տապալել է: ՀՀ-ում ԿԳՄՍ նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ»,-հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչը` նշելով, որ նոր նախարարը պետք է լինի հայակենտրոն և հայամետ:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով` Հարությունյանի հրաժարականի պահանջը հասունացել է այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ է տրամադրել «Մել» ֆիլմին, դրան այնուհետև ավելացել է տեղեկությունը, որ մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը տրամադրվել է 2 700 000 դրամ:
Ըստ ակցիայի մասնակիցների` իրենց են պատրաստվում միանալ նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որոնք բողոքում են ԿԳՄՍՆ նոր օրինագծի դեմ, որով նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին, ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից հավաքել իրերն ու հեռանալ։
Բողոքի ակցիան շարունակվում է:









