Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի 10-ից ավելի ազգականի, գտել են նաև նրա երեխային

14:33 • 07.11.19

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավելի քան 10 ազգականներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է En Son Haber լրատվականը:

«Ալ-Բաղդադիի մերձավոր շրջապատի անձինք թիրախավորել են մեր երկիրը: Վերջինը սիրիական Աազազում բռնել են ալ-Բաղդադիի քրոջ ամուսնուն և նրանց երեխային և ուղարկել միգրացիոն ճամբար: Տեսնենք, թե ինչ որոշում կընդունի մեր արդարադատության նախարարությունը: Ալ-Բաղդադիի ձերբակալված ազգականների թիվն արդեն երկնիշ է»,- նշել է Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում:

Էրդողանը հավելել է, որ հատուկ ծառայությունները բռնել են նաև ալ-Բաղդադիի երեխային, որի արյունակցական կապը հաստատվել է ԴՆԹ-ի անալիզի միջոցով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ն Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ:

Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է ալ- Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, աղբյուրին հայտնել է, որ «ալ-Բաղդադին այլևս ոչնչացված է»։