Փաշինյանի և իր թիմի մոտ Ռ. Քոչարյանի հանդեպ վրեժխնդրության զգացում է ձևավորվել. Ռ. Քոչարյանի աջակիցները Կապանում ստորագրահավաք են կազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները «Հաղթանակ» խորագիրը կրող շարժումով այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում ստորագրահավաք են կազմակերպել` ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի:
Ստորագրահավաքի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այժմ շատերը կան, որ վախեցած ու քաշված վիճակում են և ստորագրահավաքին մասնակցել չեն ցանկանում:
«Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին՝ հասկանալ, գիտակցել ու տեսնել, թե ինչ է կատարվում երկրում: Չի կարելի այդքան արհամարհել այն, ինչ կատարվում է մեր պետության ներսում: Հարկավոր է, որ մարդիկ հասկանան, ոտքի կանգնեն, տեր լինեն իրենց երկրին, իրենց ճակատագրերին, իրենց արժեհամակարգին: Պարտավոր են ոտքի կանգնել»,- ասել է նա:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ «Միացի՛ր» կարգախոսով շարժումը նպատակ ունի պետությանն ու ազգին փրկել ներկայիս իրավիճակից: «Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է: Եթե ճշմարտորեն նայենք՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է: Եվ սա վրեժխնդրության զգացում է, որը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի և իր թիմի մոտ»- ամփոփեց նա:
Ստորագրահավաքին մասնակցում են հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներ՝մեկնաբանելով՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելն ապoրինի է:
Հիշեցնենք, որ «Հաղթանակ» շարժումը ստորագրահավաքի գործընթացն սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Շարժման շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները այցելում են մարզերով՝ քաղաքացիներին իրազեկելու այն գործընթացի մասին, որը տեղի է ունենում այժմ: Նրանք կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ շարժմանը: Շարժման նախաձեռնողներն արդեն այցելել են Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներ:









