Կանադական Քվեբեկում իշխանությունները քաղաքացիների հետ շփման հարցում ամբողջովին անցել են ֆրանսերենի գործածմանը

15:12 • 09.11.19

Կանադայի Քվեբեկ նահանգի իշխանությունները քաղաքացիների հետ շփման հարցում ամբողջովին անցել են ֆրանսերենի գործածմանը: Այս մասին հայտարարել է նահանգի վարչապետ Ֆրանսուա Լեգոլտը, գրում է korrespondent.net կայքը:

«Եթե ձեր ծնողներն անգլալեզու դպրոց են հաճախել, ապա դուք Քվեբեկում որոշակի իրավունքներ ունեք, և մենք կհարգենք դրանք, իսկ եթե նոր եկած ներգաղթյալ եք, ապա մենք պետք է ձեզ հետ ֆրանսերեն խոսենք»,- ասել է Լեգոլտը:

Նա հավելել է, որ այս որոշման իրականացման համար Քվեբեկի իշխանություններին հարկավոր չէ օրենսդրական փոփոխություններ կատարել, բավական է կատարել միայն արդեն ընդունված 101-րդ օրենքի նորմերը, որոնք մանրամասնում են նահանգում լեզվի օգտագործման կանոնները:

Այսպիսով՝ Լեգոլտը մեկնաբանել է Քվեբեկի ներգաղթի հարցերով նախարար Սայմոն Ջոլին Բարետի խոսքերը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ քվեբեկցիների շփումն իշխանությունների հետ տեղի կունենա միայն ֆրանսերենով: Բացառություններ կարվեն միայն արմատներով անգլալեզու ազգերի և այն մարդկանց համար, որոնց ծնողներն անգլալեզու դպրոցներ են ավարտել: Մինչ այս, դեպքերի մեծ մասում քվեբեկցիները կարող էին ազատ ընտրություն կատարել ֆրանսերենի և անգլերենի միջև:

Այս որոշումը կոշտ քննադատության է արժանացել ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Նշենք, որ պետական մակարդակով Կանադան երկլեզու երկիր է, և կենտրոնական կառավարության հետ շփվելիս կանադացիները կարող են ընտրություն կատարել անգլերենի և ֆրանսերենի միջև, սակայն նահանգներն իրավունք ունեն իրենք որոշելու իրենց պետական լեզուն: