Ֆրանսիայում գինեվաճառից 500 000 եվրո արժողությամբ հազվագյուտ գինիներ են գողացել

13:25 • 09.11.19

Ֆրանսիական Բորդո քաղաքում գինու վաճառքով զբաղվող անձն ավազակների զոհն է դարձել. վերջիններս նրա մառանից 500 հազար եվրո արժողությամբ հազվագյուտ գինիներ են գողացել, գրում korrespondent.net-ը՝ հղում անելով է France Bleu-ին:

Ըստ պարբերականի՝ չարագործները կոտրել են ֆրանսիացու տան նկուղի պատուհանը և դուրս են հանել գինու մոտավորապես 100 արկղ: Սեփականատիրոջ խոսքով՝ արկղերում պահված են եղել ոչ միայն բորդոյան «Շատո Պետրյուս» և «Շատո Մարգո» տեսակի գինիներ, այլև այնպիսի բուրգունդյան գինիներ, ինչպիսին «Ռոմանե կոնտին» է: Գողացված ամենահին գինիները մի քանի տասնյակ տարեկան են եղել:

Քննիչները փորձում են վերականգնել միջադեպի ամբողջական պատկերը: Այնուամենայիվ, նրանց չի հաջողվել գողության որևէ վկա գտնել՝ նույնիսկ հարևանների շրջանում, որոնք ոչինչ չեն նկատել:

Ռադիոընկերությունը հիշեցնում է, որ գինիների գողությունը նորություն չէ Ֆրանսիայում, որը համարվում է խմիչքի այս տեսակի գլխավոր արտադրողներից մեկն աշխարհում: Այսպես, 2007 թվականին Բորդոյի՝ գինիների վաճառքով զբաղվող մեկ այլ անձից 600 հազար եվրո արժողությամբ 3000 շիշ գինի են գողացել: 2017 թվականին Փարիզի մասնավոր մառաններից մեկից 250 հազար եվրո արժողությամբ 300 շիշ գինի են գողացել: