Կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև ռեսուրսներն ու լիազորություններն անարդար են բաշխված. ՀՀ համայնքների միության նախագահի ուղերձը` տարվա լավագույն համայնքների մրցանակաբաշխության ժամանակ

17:57 • 10.11.19

 

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի է ունեցել ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված: Ուղերձում մասնավորապես նշված է. «Այսօր տեղական իշխանություններն ունեն պատասխանատվության մեծ ծավալ, բայց դրանց իրականացման համար` անհամապատասխան չնչին ռեսուրսներ։ Մեր բնակիչների վճարած հարկերի 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական իշխանությունը, և միայն մոտ 8%-ն է մնում համայնքներին։ Այդպիսով` կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև ռեսուրսներն ու լիազորություններն անարդար են բաշխված։ Առանց ռեսուրսների և լիազորությունների՝ տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովել որակյալ ծառայություններ ու ստեղծել մարդու կյանքի որակյալ միջավայր»։

Տեղական ինքնակառավարման 23-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը շնորհավորել է համայնքներին ու նշել. «Սա մասնագիտական տոն է.  բոլորիս տոնն է: Դուք դժվարին աշխատանք ունեք. տեղական ժողովրդավարության առաջին գծում եք, պետք է ձեր աշխատանքներում ավելի ձեռքբերումներ ունենաք տարիների ընթացքում: 23-ամյակը քիչ չէ, որպեսզի տեղական ինքնակառավարման կայացման համար  արդեն բազա ստեղծված լինի»:

Մրցանակաբաշխության ընթացքում հայտն են դարձել 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:

«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:

«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր և Տեղ համայնքները:

«Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թալին համայնքը:

«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը:

«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էջմիածին համայնքը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող են ճանաչվել Սիսիան և Լոռի Բերդ համայնքները:

«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սևան համայնքը:

«Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սայաթ Նովա համայնքը: