Մահացել է «Բիթլզի» ալբոմների շապիկների հեղինակ Ռոբերտ Ֆրիմանը (լուսանկարներ)
82 տարեկան հասակում մահացել է լուսանկարիչ Ռոբերտ Ֆրիմանը, որի լուսանկարներն օգտագործվել են «Բիթլզ» երաժշտական խմբի չորս ալբոմների շապիկների ձևավորման համար: Այս մասին հայտնել է խմբի պաշտոնական կայքը։
Ֆրիմանը, որի մահվան պատճառը դեռևս չի նշում, 1960-ականների սկզբին ստեղծել է համաշխարհային ճանաչում ունեցող խմբի ալբոմներից չորսի շապիկները։ Նրան է պատկանում With The Beatles ալբոմի կիսափակ դեմքերով խմբի անդամների սևուսպիտակ լուսանկարը։
Խմբի անդմաներից Փոլ Մաքքարթնին գրել է․«Կյանքից հեռացել է մեր սիրելի Ռոբերտ Ֆրիմանը։ «Բիթլզ»-ի գոյության տարիներին նա մեր ամենասիրելի լուսանկարիչներից մեկն էր, որը ստեղծել է մեր ալբոմների ամենահիշարժան շապիկներից մի քանիսը։ Նա ոչ միայն հիանալի տիրապետում էր իր մասնագիտությանը, այլև վառ երևակայությամբ և, իսկապես, ինքնատիպ մտածողությամբ օժտված մարդ էր։ Մինչ այսօր մարդիկ կարծում են՝ With The Beatles ալբոմի լուսանկարում մեր դեմքերը կիսով չափ ստվերում են, մինչդեռ Ռոբերտը լուսանկարն արել է բավականին արագ՝ մեր իջևանած հյուրանոցի միջանցքում, որտեղ բնական լույսը ներս էր թափանցում միջանցքի վերջից»։
Փոլ Մաքքարթնին նաև նշել է, որ Rubber Soul (1965) ձայնասկավառակի շապիկի լուսանկարը Ֆրիմանն արել է պատահաբար։
Լուսանկարիչին են պատկանում նաև Beatles for Sale (1964) և Help (1965) ալբոմների շապիկների լուսանկարները։












