Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձոր. վարչապետը դժգոհել է քաղաքապետի աշխատանքից (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում է: Վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջում է քաղաքում` ծանոթանալով այնտեղ իրականացրած ծրագրերին:
Վարչապետը քայլելով փողոցներից մեկով, որը, ըստ Եղեգնաձորի քաղաքապետի, այս տարի էր վերանորոգվել, ասաց, թե փողոցի վերանորոգման աշխատանքը «գլխառադ» է արված` «հին, բարի» ժամանակների նման: Քաղաքապետն ասաց` աշխատանքները չեն ավարտվել, վարչապետն էլ նշեց, որ եթե աշխատանքներն ավարտված չեն, ապա պետք է տեխնիկա լիներ տեղում, ինչը, սակայն, չկա: Ըստ վարչապետի` ճանապարհի վիճակն անմխիթար է, և Կառավարությունը չէր կարող նման անորակ աշխատանքը հովանավորել:
Մինչ այս վարչապետը շրջել է նաև Սյունիքի Գորիս և Վայոց Ձորի Վայք քաղաքներում` ծանոթանալով կատարված աշխատանքներին:
Եղեգնաձորի քաղաքապետը վարչապետին ներկայացրեց նաև քաղաքի փողոցներից մեկի լուսավորության ապահովման աշխատանքները, սակայն դրանք Փաշինյանին դուր չեկան: վերջինս, դիմելով Պապիկյանին, նշեց, թե իրենք էլ գլուխ են գովում, որ համայնքային աշխատանքներ են իրականացնում, մինչդեռ սուբվենցիոն ծրագրերը լավ չեն կատարվել: Վարչապետը դժգոհեց քաղաքապետի աշխատանքից` նշելով, որ պետք է ուսումնասիրել` հասկանալու համար` ինչ է կատարվում: «Լավ չի, հեչ լավ չի»,- ասաց նա:









