Ղամիշլիում սպանվել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը. պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորումը

17:11 • 11.11.19

Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Սպանության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար»-ը, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: