Բուհերի ինքնավարության մասով ավելի խոցելի կետ կա նախագծում. ձևավորվելու է 12 հոգանոց խորհուրդ, որից 6-ին նախարարն է նշանակում. ԵՊՀ դասախոս (տեսանյութ)

11:50 • 11.11.19

Ինչու լեզվի և պատմության նկատմամբ նույն կառավարությունը չի որդեգրում հստակ քաղաքականություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը:

Նրա կարծիքով՝ չպետք է հայտարարվի, թե «Հայոց լեզուն» 15-20 դասախոսի խնդիր է, և դասավանդումը թողում են բուհերի հայեցողությանը: «Իմ տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում խնդիրը տեղափոխել այլ հարթություն, թե սա ժամերի կռիվ է, կուսակցական պայքար է մարդու դեմ, մինչդեռ, ես կարծում եմ՝ սա ուսանողների ինքնաբուխ ակցիա է, որը, հույս ունեմ, կշարունակվի: Մենք էլ կաջակցենք, ուսանողների կողքին կլինենք, որ մարդիկ վերջապես հասկանան՝ սա լեզվի ժամերի, քերականության խնդիր չէ, սա ազգապահպանության խնդիր է, և թող ամպագոռգոռ չընդունեն այս խոսքերը»,- ասաց նա:

Ըստ դասախոսի՝ պետք է խնդիրը բովանդակային կողմով քննարկել և «Հայոց լեզվին» ու «Պատմությանը» տալ պետական հստակ կարգավիճակ և ոչ թե սա վերագրվի բուհերին ինքնավարություն տալուն: «Բուհերի ինքնավարության մասով ավելի խոցելի կետ ունենք այդ նույն նախագծում: Նախատեսված է ձևավորել 12 հոգանոց կառավարման խորհուրդ, որից վեցին նշանակում է նախարարը: Սա բուհին ինքնավարություն է տալիս»,- ասաց նա: