Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարին. Քննարկվել է համագործակցության հիմնական 4 ուղղություն

18:42 • 11.11.19

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին, տեղեկացնում է Կառավարության կայքը:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ հատկապես Հայաստանի մասնավոր հատվածի համագործակցության խորացումը, որն իր հետ բերում է բիզնես մշակույթի ճիշտ սկզբունքներ:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը և ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ:

Մհեր Գրիգորյանն առանձնացրել է ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային մասշտաբային նախագծերում Հայաստանի ներգրավվածությունը, կապիտալի շուկայի զարգացումը, ինչպես նաև որպես առանձին բարեփոխումների խումբ խոսել մարդկային կապիտալի զարգացման մասին:

Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել որպես համագործակցության հիմնական չորս ուղղություն՝ ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու տուրիզմը:

Զրուցակիցները խոսել են վերոնշայլ ոլորտներում զարգացման հեռանկարի շուրջ, անդրադարձել հատկապես տուրիզմի զարգացման հնարավորություններին: