27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքը բացահայտվել է. որպես մեղադրյալ է ներգրավվել 65-ամյա կին

13:02 • 11.11.19

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 1992 թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքը: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝  2019 թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 05:40-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ է դիմել 1992 թ. ծնված երիտասարդը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, ընդունվել վարույթ և կազմվել քննչական խումբ: 1992 թ. ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող:

Հանցավոր արարքը կատարելու կասկածանքով 08.11.2019 թ. ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Երևան քաղաքի բնակչուհի, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նույն օրը քննիչի որոշմամբ 65-ամյա կինը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 03-ի սահմաններում, 1992 թ. ծնված երիտասարդը ընկերուհու հետ այցելել է 65-ամյա կնոջը: Ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում հյուրերը հայհոյանքներ են հնչեցրել 65-ամյա տանտիրուհու հասցեին, ինչի պատճառով վերջինս վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել 1992 թ. ծնված երիտասարդի մարմնի տարբեր մասերին, ով դեմքի հատվածով վայր է ընկել, որից հետո դիմել է փախուստի:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: