Իրանի կառույցներից մեկում ուրանի մասնիկներ են հայտնաբերվել․ ՄԱԳԱՏԷ

23:43 • 11.11.19

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ուրանի մասնիկներ է հայտնաբերել Իրանում, որի մասին ավելի վաղ տեղյակ չէին պահել կազմակերպության փորձագետներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով գործակալության զեկույցը։

«Գործակալությունը չհարստացված ուրանի տեխնածին բնույթի մասնիկներ է հայտնաբերել Իրանի կառույցներից մեկում, որի մասին գործակալությանը չէին տեղեկացրել»,- ասվում է զեկույցում։

Զեկույցում չի նշվում, թե որ կառույցում են մասնիկներ հայտնաբերվել։ Աղբյուրի տվյալներով՝ գարնանը կազմակերպության փորձագետները փորձանմուշներ էին վերցրել Թեհրանի Թուրքուզաբադ կառույցում։

2018-ին այդ կառույցի մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ այդ կառույցում հարյուրավոր տոննաներով միջուկային սարքավորումներ և նյութեր են եղել։