«Բոլորին պարզ է, որ առանց ԼՂ բնակչության համաձայնության՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունվել». Լավրով (տեսանյութ)
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում կողմերն իրենք պետք է որոշեն ու համաձայնեցնեն բանակցությունների մասնակիցների թիվը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում ՀՀ նոր իշխանությունների առաջարկին առ այն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
Լավրովը նշել է, որ ՀՀ նախկին նախագահներից մեկը որոշում էր ընդունել, որ Արցախի շահերը պետք է ներկայացնի պաշտոնական Երևանը: Որպես ՄԽ համանախագահ երկիր՝ Ռուսաստանը, ըստ նրա, պետք է այնպես անի, որ այդ գործընթացն ընդհանուր համաձայնության պայմաններում ընթանա:
Ըստ նրա՝ բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն չի կարող ընդունվել:
«Առանց Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ հայկական կողմը, իհարկե, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի»,- նշել է Լավրովը:
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համաձայնելով այն մտքի հետ, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին:
ՀՀ արտգործնախարարն, իր հերթին, հայտնել է, որ Լավրովի հետ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներին:
«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր` մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես` ինքնորոշման իրավունքի իրականացում` առանց սահմանափակման և հարկադրանքի»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով, որ Լավրովի հետ համակարծիք են` «խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»:
Տեսանյութում այդ հատվածը՝ 24:33 րոպեից.









