«Կապրիզոկրատիա». ռուսական РЕН ТВ հեռուստաալիքն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը (տեսանյութ)

12:42 • 11.11.19

Ռուսական РЕН ТВ դաշնային հեռուստաալիքով հեռարձակվող «Դոբրովն է եթերում» («Добров в эфире») տեղեկատվական-վերլուծական հերթական հաղորդման շրջանակում, որը թողարկվել է կիրակի ուշ երեկոյան, ցուցադրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության վերաբերյալ սյուժե, որը նկարահանվել է «Իզվեստիա» պարբերականի հետ համատեղ: 

Հիշեցնենք, որ օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը: 

Սյուժեում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանում ճնշումներ են գործադրվում դատավորների, Ռոբերտ Քոչարյանի հարազատների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ:

Ռեպորտաժում մեջբերում է արված հենց ՀՀ երկրորդ նախագահի խոսքերից, երբ նա «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել էր, որ ինքն էլ ընտրության առաջ է կանգնած եղել իր նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու հարցում, բայց չի գնացել այդ քայլին:

«1998 թվականին իմ իշխանության գալու ժամանակ հասարակական մեծ պահանջ կար նախկիններին պատասխանատվության ենթարկելու հարցում: Ես դիմացա այդ ճնշմանը՝ մտածելով, որ ավելի լավ է նայել ապագային, քան պայքարել անցյալի դեմ»,- նշել է Քոչարյանը:

Սյուժեում նշվում է նաև, որ Հայաստանում «ծաղկում» են արևմտամետ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանյան հիմնադրամներից, այդ թվում՝ «Սորոսի հիմնադրամից»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Հայաստանում տեղի ունեցողը գնահատել է որպես «կապրիզոկրատիա», որը, իր խոսքով, արտահայտվում է ՀՀ նոր իշխանությունների կողմից ԶԼՄ-ների և դատարանների վրա գործադրած ճնշմամբ: