Սիրիայում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

12:08 • 11.11.19

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել: Այս մասին տեղեկացնում է urfanews.com կայքը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 9 մարդ զոհվել է, ևս 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Բոլոր զոհերն ու վիրավորները քաղաքացիական անձինք են:

Թուրքական կողմը պայթյունի համար մեղադրում է «Քրդական աշխատավորական կուսակցությանը»:

Թել Աբյադը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդերի հսկողության տակ, սակայն Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններից հետո այն անցել է թուրքերի ու նրանց հարող սիրիական ուժերի հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: