Վերջին 16 տարում ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 51,2 մլն դոլարի փոխհատուցում վճարել

17:37 • 11.11.19

Վերջին 16 տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային վերաբերող դատական վճիռներով Թուրքիային պարտավորեցրել է 295,5 միլիոն թուրքական լիրա կամ 51,2 միլիոն դոլար փոխհատուցում վճարել: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Ալփայ Անթմենի հարցման, գրում է birgun.net կայքը:

Նախարարությունից հայտնել են, որ Թուրքիայի դեմ ՄԻԵԴ-ում եղել է ընդհանուր առմամբ 110 000 գործ, որոնցից 3128-ում Թուրքիան մեղավոր է ճանաչվել: Պարտված գործերից 2840-ը եղել են վերջին 16 տարիների ընթացքում:

Թուրքիան ՄԻԵԴ-ում հիմնականում մեղադրվել է արդար դատավարության իրավունքի, խոսքի ազատության խախտման համար: