Թուրքիան սկսել է արտաքսել արտասահմանցի ահաբեկիչներին

18:12 • 11.11.19

Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել է արտասահմանցի ահաբեկիչների արտաքսումը: Այսպիսով՝ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Թուրքիայից արտաքսվել է ԱՄՆ-ի քաղաքացի ահաբեկիչ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:

Ընթացքի մեջ է նաև մի գերմանացի ահաբեկչի արտաքսման փաստաթղթաբանությունը: Օրվա ընթացքում Դանիա կարտաքսվի ևս մի ահաբեկիչ:

Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում Թուրքիայից կարտաքսվի երեք ահաբեկիչ:

Նոյեմբերի 14-ին ծրագրվում է արտաքսել ևս 7 ահաբեկչի, որոնք բոլորն էլ Գերմանիայից են:

Այն մասին, որ Թուրքիան նոյեմբերի 11-ից սկսելու է գերի ընկած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների արտաքսումն իրենց երկրներ, հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ դեռևս ուրբաթ օրը:

«Մենք ասում ենք Եվրոպային՝ «Մենք կվերադարձնենք ձեզ այդ մարդկանց», և սկսում ենք երկուշաբթի օրվանից»,- նշել է Սոյլուն:

Նա հայտարարել էր նաև, որ Թուրքիան կալանքի տակ է պահում ԻՊ-ի 1200 անդամի, ևս 287-ը գերեվարվել են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ժամանակ: