ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը կրկին հոսպիտալացվել է

10:49 • 12.11.19

ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է՝ ներգանգային բարձր ճնշման պատճառով, գրում է cbsnews.com-ը:

Ջորջիա նահանգի Էմորի համալսարանին կից բժշկական կենտրոնում ԱՄՆ նախկին նախագահին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում, մասնավորապես՝ ճնշման նվազեցմանն ուղղված միջամտություն է ցուցաբերվելու:

Նշվում է, որ ճնշման տատանումների պատճառը Քարտերի՝ նախկինում ընկնելու մի քանի դեպքերն են եղել:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը հոսպիտալացվել էր կոնքոսկրերի կոտրվածքի պատճառով: ԱՄՆ 39-րդ նախագահի ներկայացուցիչն ասել էր, որ 95-ամյա Քարտերը վնասվածքը ստացել է՝ ընկնելով Ջորջիա նահանգում գտնվող սեփական տանը:

Մայիսին Քարտերը հիվանդանոցում էր հայտնվել ազդրոսկրի կոտրվածքի պատճառով, որը նույնպես ստացել էր ընկնելու հետևանքով:

Ջիմի Ջարտերն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է 1977-1981 թվականներին: Նախկին նախագահը վերջին տարիներին հաջողությամբ հաղթահարել է գլխուղեղի քաղցկեղը: