Փետրվարի 23-ի խորհրդակցությանը ներկա է եղել Դավիթ Տոնոյանը, բայց կամ Քոչարյանի և մյուսների գործով չի հարցաքննվել, կամ իր ցուցմունքները մեզ չեն տրամադրել. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
Քանի որ դատախազությունը պետք է հետևողական լինի, որ գործով ամբողջայկան քննություն իրականացվի, անհասկանալի է մնում, թե խորդակցությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 23-ին (խոսքը 2008թ.-ի փետրվարի 23-ի մասին է. խմբ.), ինչու են ոչ բոլոր անձինք հարցաքննվել:
Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե նիստի ընթացքում ինչո՞ւ է Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն անդրադարձել «0038» հրամանին, և դրա հետ ի՞նչ կապ ունի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
«Եթե մամուլում որոնում կատարեք, նկարներ կբերի խորհրդակցությունից, որտեղ ակնհայտորեն նշմարվում է Դավիթ Տոնոյանի դեմքը, կամ 100 % իր նմանությամբ անձի»,-ասաց Խուդոյանը:
Վերջինս նշեց` եթե Տոնոյանին հարցաքննել են, ինչո՞ւ հարցաքննության նյութերը փաստաբաններին չեն տրվել, եթե` ոչ, ապա ինչո՞ւ չեն հարցաքննել:
«Գործի ամբողջական քննություն կատարված չէ, դա միանշանակ պնդում ենք, և դա դատախազության ամենամեծ մեղքն է»,-նշեց փաստաբանը:
Tert.am-ի հարցին` այսինքն` գործի նյութերում պարզ չի՞ եղել, որ Դավիթ Տոնոյանը խորհրդակցության ժամանակ ներկա է եղել, Խուդոյանը պատասխանեց. «Ոչ, գործի նյութերում, մեզ փոխանցված նյութերում Դավիթ Տոնոյանի ցուցմունք չկա»:
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:









