Թուրքիայի կողմից Հունաստան արտաքսված ԻՊ-ի ահաբեկիչը մնացել է չեզոք գոտում. կողմերը հրաժարվում են ընդունել նրան

13:00 • 12.11.19

Թուրքիայի կողմից նախօրեին Հունաստան արտաքսված ամերիկացի ահաբեկչին հունական կողմը չի ընդունել: Թուրքիան նույնպես հրաժարվել է հետ ընդունել քաղաքացիություն չունեցող ամերիկացի ահաբեկչին, և վերջինս մնացել է երկու պետությունների սահմանին տեղակայված չեզոք գոտում, գրում է Gazete Vatan պարբերականը` չհստակեցնելով, թե նրան ինչու են Հունաստան արտաքսել: 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Թուրքիան սկսել է արտասահմանցի ահաբեկիչների արտաքսումը: Երեկ Թուրքիայից արտաքսվել էր ԱՄՆ-ից, Գերմանիայից և Դանիայից 3 ահաբեկիչ: 

Թոշակի անցած դեսպան Մուրադ Բիլհանը նշել է, որ Հունաստանն օրինական իրավունք ունի չընդունելու այդ մարդուն, Թուրքիան ևս իրավունք ունի հետ չընդունելու նրան՝ քաղաքացիություն չունենալու հիմքով: Նման դեպքերում, Բիլհանի խոսքով, նա պետք է պահվի չեզոք գոտում, մինչև ՄԱԿ-ը գտնի հարցի լուծումը, որը պատասխանատու է նման դեպքերում հարցի լուծման համար:

Անկարայի փաստաբանների ասոցիացիայի փախստականների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Սադիկ Օնուր Գելբալն էլ նշել է, որ նման դեպքերում պետք է ճշտել՝ արդյոք այն երկիրը, ուր արտաքսվում է քաղաքացիություն չունեցող անձը, ընդունում է նրան, թե ոչ, կամ միգուցե տվյալ երկրի շնորհիվ մեկ այլ երրորդ երկիր ընդունի այդ անձին: Եթե նման երկրներ չկան, ապա տվյալ անձին պետք է վերադարձնել այն երկիր, որտեղից նրան արտաքսել են: